Քաղաքական վերլուծաբան Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրի.
-Քաղաքական կիսամյակում ակնկալվում էր Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ընդորում՝ հիմնադիր անդամի կարգավիճակ էր խոստացվել, բայց ոչ միայն հիմնադիրը չեղավ, այլև անորոշ է՝ ե՞րբ ենք անդամակցելու ու անդամակցելու՞ ենք, թե՞ ոչ: Դա Հայաստանի՞ խնդիրն է, թե՞ ԵՏՄ անդամների:
-Ես չեմ կարծում, որ մենք կարող էինք հիմնադիր անդամ լինել՝ շատ ուշ վերադարձանք այդ դաշտ ու գրեթե ուժով: Մենք վերադարձանք, երբ այդ դաշտը ռեալ կար ու գործում էր՝ անհամեմատ ուժեղ քաղաքական ու տնտեսական կշիռ ունեցող պետությունները վաղուց սահմանել էին խաղի կանոնները, այդ պարագայում միամտություն էր հիմնադիր անդամ լինելու հույս ունենալ: Դա կարող էր լինել, եթե ցանկանար Ռուսաստանը, բայց գործընթացը համընկավ այն ժամանակին, որ ՌԴ-ն բազում այլ խնդիրներ ունի և չի ցանկանում հակասություններ ունենալ Բելառուսի ու Ղազախստանի հետ: Իվերջո, ԵՏՄ-ում շահերի ինչքան ընդհանրություններ կան, նույնքան ու ավելի հակասություններ կան: Հայաստանը պատերազմի մեջ գտնող երկիր է, պատերազմի մյուս կողմի՝ Ադրբեջանի հետ երեք պետություններն էլ ունեն կոնկրետ ծրագրեր, ռազմավարական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական հարաբերություններ: Երեք պետությունների համար էլ այդ շահերը գերակայում են Հայաստանի շահերին: Փաստորեն միայն ՌԴ-ն է ուզում, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին, բայց ՌԴ նախագահը, կարծում եմ, հիմա չունի այն ռեսուրսը, որ կարողանա ձեռքը խփել սեղանին ու ասել՝ Նուրսուլթան Աբիշևիչ կամ Ալեքսանդր Գրիգորևիչ, այսպես պետք է լինի, ու՝ վերջ: Արևմուտքի հետ խոր հակասությունների պատճառով՝ Պուտինը հիմա ստիպած է մանևրել ոչ միայն իր դաշնակիցների հետ, այլև Արևելքից՝ Լատինական Ամերիկա: Իվերջո, չմոռանանք, որ ԵՏՄ-ն դեռևս չկայացած միություն է և իր մաքսային բաղադրիչով հետաքրքրում է թե Ղազախստանին, թե Բելառուսին՝ ելնելով իրենց տնտեսական շահերից: Իրենք մշտապես փորձում են Ռուսաստանից առավելագույն զեղջեր ու զիջումներ ստանալ, և՝ ստանում են: Այս վիճակը Հայաստանում հասարակության մի մասը լավ է ընդունում՝ հույս դնելով, որ գուցե անդամակցումը չստացվի, մյուս մասի համար անհասկանալի է, խորանում են կասկածները, որ Ռուսաստանին ավելի շատ պետք էր, որ Հայաստանը չստորագրի եվրաասոցացման համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի, խնդիրը, կարծում եմ, իսկապես հիմնականում տեխնիկական է ու ժամանակ է պահանջում:
-Տեխնիկակա՞ն խնդիր է, որ ՌԴ-ն փորձում է ԵՏՄ տարածք բերել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի համար ուղղակի գտնված գործարք է Ղարաբաղը պահանջելը:
-Հիմա բոլոր կողմերը ժամանակ են ձգում, որպեսզի Ադրբեջանի դիրքորոշումը հասկանան, Ռուսաստանը չի ուզում ոչ մեկին նեղացնել՝ մի կողմից, մյուս կողմից՝ եթե Հայաստանում բոլորը իշխանությանը համարում են ծայրեծայր ռուսամետ, և ամբողջությամբ ՌԴ-ին բավարարող, այնքան էլ այդպես չէ: Վերջին երկու-երեք ամսվա իրադարձությունները դա են վկայում: Սերժ Սարգսյանն ավելի ռուսամետ չէ, քան՝ Աբխազիայի նախագահն էր, բայց այնտեղ նախագահ փոխվեց: Միամտություն է մտածել, որ դա տեղի ունեցավ առանց ՌԴ մասնակցության: Ռուսամետ գործող նախագահի օրոք Հարավային Օսեթիայում խորհրդարանական մեծամասնություն և իրական իշխանություն դարձավ մի ուժ, որ այսօր պահանջում է միանալ ՌԴ-ին: Ռուսները վերաֆորմատավորում են իրենց ազդեցության դաշտը, և դա պետք է մտահոգի Հայաստանի իշխանությանը, որ կարծում է՝ ինքը հավերժ է, վստահ, որ ամեն ինչ անում է ռուսների համար: Երբ շատերը սպասում են, որ փոփոխություններ կարող են լինել արևմտյան դաշտից, վերաֆորմատավորման գործընթացի միտումները և տրամաբանությունը թելադրում է, որ ռուսական դաշտն առավել հավանական է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Վիգեն Հակոբյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հուլիսի 25–ի համարում: